Առցանց հերթագրման դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով mankapartez.yerevan.am կայքում:
Գրանցումը կատարվում է մեկ անգամ և հնարավորություն է տալիս օգտվողին հետևել դիմումի կարգավիճակին և առցանց հերթագրված երեխայի հերթին:
Առցանց դիմում հնարավոր է ուղարկել, եթե երեխան տվյալ պահի դրությամբ չի հաճախում կամ հերթագրված չէ Երևանի քաղաքապետարանի ենթակայության որևէ մանկապարտեզում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կարող են հերթագրվել տվյալ օրացուցային տարում մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 տարեկանը լրացող և մինչև 6 տարեկան երեխաներ:
Երեխաները, ում 6 տարեկանը լրանում է տվյալ օրացուցային տարում մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, կարող են հերթագրվել և հաճախել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ՝ սեպտեմբերի 1-ը:
Հերթագրման համար անհրաժեշտ է.
- երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքը
- ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ ծնողի անձնագիր, հծհ կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:
Առցանց հերթագրման համար ծնողը գրանցվում է կայքում և լրացնում դիմումը՝ կցելով վերոնշյալ փաստաթղթերի պատճենները:
Մանկապարտեզում հերթագրվելու դեպքում ծնողը ներկայացնում է վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները և լրացնում է դիմում:
Առցանց հերթագրման դիմում ուղարկելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն, մշակման փուլ անցնելով, հաստատվում կամ մերժվում է:
Ոչ աշխատանքային օրերի և ժամերի ստացված առցանց դիմումները մուտքագրված են համարվում հաջորդող առաջին աշխատանքային օրվա 09:00 -ից:
Ինչպես նաև, եթե դիմումի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին համաձայն ՀՀ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի:
Մանկապարտեզում հերթագրման դիմում գրելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է երեխայի հերթագրումը համակարգում
Կայքի գլխավոր էջում «Հետևել հերթին» հատվածում անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, օրացույցի օգնությամբ նշել հերթագրված երեխայի ծննդյան օր/ամիս/տարի տվյալները և մուտքագրել ծննդյան վկայականի սերիան և համարը 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ առանց բացատ՝ օրինակ ԱԱ000000:
Հերթագրելիս ՀՀ ծննդյան վկայականի բացակայության պարագայում ՀՀ անձնագիր ներկայացնելու դեպքում՝ 2 անգելերն տառ 7 թվային նիշ՝ օրինակ AA0000000, ՌԴ ծննդյան վկայականի դեպքում՝ հռոմեական թիվ, գիծ, 2 ռուսերեն տառ և 6 թվային նիշ՝ օրինակ IV-МЮ000000
Բացված էջում կարող եք տեսնել նշված մանկապարտեզի տվյալ տարեթվի հերթը և Ձեր երեխայի անուն ազգանունը իր հերթական համարի տակ:
Նշում. Եթե հերթագրումը կատարվել է առցանց՝ հերթին կարելի է հետևել նաև մուտք գործելով օգտատիրոջ անձնական էջ և բացելով "Հերթագրված երեխաներ" հղումը:
Կանաչ գույնով եզրագծված են հերթագրման այն էջերը, որտեղ արդեն լրացել կամ տվյալ օրացուցային տարում լրանալու է երեխայի 3 տարեկանը:
Կապույտ գույնով եզրագծված են այն էջերը, որտեղ արդեն լրացել կամ տվյալ օրացուցային տարում լրանալու է երեխայի 2 տարեկանը:
Նարնջագույնով եզրագծված են այն հերթագրման ցանկերը, որտեղ առկա է արտահերթությամբ ընդունվելու իրավունք ունեցող երեխա:
Այս նշանը դրվում է այն հերթագրման էջերի վրա, որտեղ երեխան կամ նրա ծնողները չունեն Երևան քաղաքի փաստացի կամ մշտական հաշվառում։
Երեխայի հերթը հասնելու դեպքում ծնողի հետ կապ է հաստատվում դիմումի մեջ նշված կոնտակտային տվյալներով:
- դիմումի մեջ նշված հեռախոսահամարին կատարվում է զանգ
- դիմումի մեջ նշված բջջային համարին ուղարկվում է կարճ հաղորդագրություն /sms/
-դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է ծանուցման նամակ
Նշում. Անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ լրացնել կոնտակտային տվյալները, որպեսզի ընդունելության ժամանակ հնարավոր լինի կապ հաստատել ծնողի հետ:
Հերթագրումը փոխելու համար անհրաժեշտ է երեխայի ծննդյան վկայականով և ծնողի անձնագրով մոտենալ նախընտրած մանկապարտեզ և գրել նոր հերթագրման դիմում:
Այդ մանկապարտեզում Ձեր երեխան կհերթագրվի, իսկ նախորդ հերթը կկասեցվի ավտոմատ կերպով:
Գործընթացն առցանց չի կատարվում:
Եթե մանկապարտեզը, որտեղ պետք է փոխել հերթագրումը, այդ պահին վերանորոգման պատճառով փակ է, անհրաժեշտ է դիմել ներկա դրությամբ երեխայի հերթագրման մանկապարտեզ, գրավոր հրաժարվել հերթից և առցանց դիմել այլ մանկապարտեզում հերթագրման համար։
Երեխաների ընդունելությունը կազմակերպելիս համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի առաջնահերթության իրավունքից օգտվում են․
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.
3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:»:
Նշում՝ առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը միայն ըստ համապատասխան տարեթվի ձևավորված տարիքային խմբում ընդունվելու համար:
Նույն տարիքային խմբում ընդգրկված երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման ամսաթվի առաջնահերթության:
Արտահերթության իրավունքից օգտվող երեխային հերթագրելուց հետո անհրաժեշտ է հիմք հանդիսացող փաստաթղթերը մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը ներկայացնել մանկապարտեզ (հիմք՝ ՀՀ ԿԳՄՍ N 142-Ն հրաման), որտեղ դրանք կկցվեն երեխայի հերթագրման էջին և կուղարկվի արտահերթության հայտ:
Հիմքերի ստուգումից հետո հայտը հաստատվում կամ մերժվում է: Հաստատման դեպքում արտահերթությամբ ընդունվելու իրավունք ունեցող երեխայի էջը եզրագծվում է Նարնջագույնով:
Արտահերթության համար դիմելու գործընթացն առցանց չի կատարվում:
Երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և պատճենը։
3) լուսանկար՝ 3x4 չափսի
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ վկայագիր:
6) Ծնողի անձնագրի պատճենը՝ գրանցման էջով, իսկ նույնականացման քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի դեպքում՝ Երևանում հաշվառման մասին տեղեկանք:
Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում նոր խմբեր ձևավորվում են հիմնականում սեպտեմբեր ամսին, որից հետո ընդունելությունը շարունակվում է կատարվել յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրերին խմբերում թափուր տեղերի առկայության դեպքում:
Համաձայն Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին Երևանի քաղաքի ավագանու N 45 Ն որոշման
1) Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
ա. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում.
բ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ազատամարտիկ են.
գ. երեխան զոհված զինծառայողի կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ կամ եղբայր կամ քույր է.
դ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է.
ե. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.
զ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով է.
է. հաշմանդամություն ունեցող երեխա է, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից տրված եզրակացությամբ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա է.
ը. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ներքին տեղահանված անձ է.
թ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի փախստականի կարգավիճակ.
ժ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ.
ժա. Արցախի Հանրապետության տարածքներից տեղահանված և Երևան տեղափոխված ընտանիքի երեխա է.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 12000 /տասներկու հազար/ դրամ.
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում գործում են հետևյալ տարիքային խմբերը.
«Կրտսեր 1» / 2-3 տարեկան / սահմանային թիվը խմբում՝ 20 երեխա
«Կրտսեր 2» / 3-4 տարեկան / սահմանային թիվը խմբում՝ 30 երեխա
«Միջին» / 4-5 տարեկան / սահմանային թիվը խմբում՝ 30 երեխա
«Ավագ» / 5-6 տարեկան / սահմանային թիվը խմբում՝ 30 երեխա
Յուրաքանչյուր ծնողի համար երեխային մանկապարտեզ տանելը անհանգստություն, երկմտանք է պատճառում՝ կապված երեխայի հարմարվելու և դրանցից բխող այլ հարցերի շուրջ:
Սույն հոդվածում մանրամասն կերպով ներկայացված է երեխաների հարմարեցման տեղեկատվությունը, ադապտացիայի փուլերն ու առանձնահատկությունները:
mankapartez.yerevan.am կայքը հնարավորություն է տալիս հերթագրվելու Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում։
Ստորև ներկայացնում ենք այլ համայքների հերթագրման կայքերի հղումները․
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք
Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Արագածոտնի մարզի Ապարան համայնք
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարան