«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հարգելի քաղաքացի, տեղեկացնում ենք, որ արտահերթյամբ ընդունվելու համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է
ներկայացնել մանկապարտեզ մինչև ս.թ. մարտի 1-ը: Մարտի 1-ից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվելու։

Նորություններ

06-08-2022

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ Հ 146 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

Երևանի հ․ 146 մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

80-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:

Նախագծի շրջանակում կատարվել են ամրացման, ջերմամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, ամբողջությամբ արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը:

Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։

20-07-2022

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԹԻՎ 49 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ:

Ծրագրի շրջանակում մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազեն CO2 գազի արտանետումները: Որպես կարևոր բաղադրիչ` առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:

Մանրամասն

15-06-2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻՎ 86 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

Լյովա Կատվալյանի անվան թիվ 86 մանկապարտեզը հիմնադրման 30-ամյակը նշում է հիմնանորոգված պայմաններով: Կրթօջախն այսօր շուրջ 150 փոքրիկների առջև իր դռներն է բացում լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:

Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Լևոն Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, զրուցել փոքրիկների հետ:

Համայնքային բյուջեի միջոցներով 2022-ին ընդհանուր առմամբ հիմնանորոգման աշխատանքներ կտարվեն երևանյան 11 մանկապարտեզում, բացի այդ կկառուցվի երկու նոր մանկապարտեզ: Ի դեպ, ընթացիկ տարում կհիմնանորոգվի նաև 12 նախակրթարանի տանիք, որից հետո կտեղադրվեն արևային պանելներ: Էներգաարդյունավետություն ապահովող այս ծրագրի տնտեսումները կուղղվեն հարմարավետ պայմանների ապահովմանը:

10-02-2022

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐԳՎԱԾ Հ. 36 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից առաջինն արդեն պատրաստ է: 1970-ական թվականներին շահագործման հանձնված հ.36 մանկապարտեզը երբևէ չէր հիմնանորոգվել: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:

Ծրագրով մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի ածխաթթու գազի արտանետման ծավալը:

07-02-2022

ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ

Շուրջ մեկդարյա պատմությամբ մայրաքաղաքի հ. 23 մանկապարտեզը մեկն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող նախակրթարաններից: Ծրագիրն ընդգրկում է 29 մանկապարտեզ, որից 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ կարվեն: Այս պահին միաժամանակ շինարարություն է 8 մանկապարտեզում: Առաջին հերթին շենքերն ամրացվում են:

Հիմնանորոգվող բոլոր մանկապարտեզները նաև ջերմամեկուսացվում են: Ամեն մանկապարտեզ կունենա արևային վահանակներ, արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ:

Այս տարի կմենկարկի ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգումը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն ունի նաև բնապահպանական կարևոր նշանակություն. իրականացվող միջոցառումների շոնրհիվ կնվազի ածխաթթու գազի արտանետումը: Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան հիմնանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:

17-12-2021

ԾԱՎԱԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի թվում ծավալուն աշխատանքներ են տարվում նաև մանկապարտեզների հիմնանորոգման նպատակով: Եվս մի քանի օր, և կվերաբացվեն հիմնանորոգված երևանյան հերթական մանկապարտեզները: Նախակրթարաններում 2021թ. ծրագրով իրականացված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով հ. 107, 5 և հ. 144 մանկապարտեզներ:
Այս ծրագիրն իրականացվում է ինչպես համայնքային բյուջեի միջոցներով, այնպես էլ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Նախագծերի իրագործման մոտեցումը հստակ է. ընտրված է հիմնանորոգման տարբերակը: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

Շինարարության ավարտից հետո մանկապարտեզներն ստանում են լուսավոր, գունեղ ու հարմարավետ խմբասենյակներ, ընդարձակ դահլիճ ու մարզասրահ: Հիմնանորոգման ծրագրով վերանորոգվում են տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։

28-06-2021

ԶԱՐԳԱՑՆՈՂ ՆՈՐ ԽԱՂԵՐ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՅՈՒՆԻՍԵՖ-ԻՑ

Փոքրիկներն աշխարհն ընկալում և ճանաչում են խաղերի միջոցով: Երեխայի ճիշտ զարգացման համար Երևանի համայնքային մանկապարտեզներում խաղերի ընտրությունը հատուկ սկզբունքով է արվում, երբեմն նաև` գործընկեր մասնագիտական կառույցների հետ համագործակցությամբ:
Օրեր առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մայրաքաղաքի 30 մանկապարտեզ ստացան խաղային նոր փաթեթներ:
«Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ունի տարիների պատմություն, և սա առաջին նախաձեռնությունը չէ: Ունեինք հատուկ փաթեթներ՝ զարգացնող խաղեր, որոնք միտված են երեխաների կրթական, սոցիալական, մշակութային, հոգեբանական տարբեր կողմերի զարգացմանը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:
«Բավական հետաքրքիր դիդակտիվ նյութերից մինչև տարբեր պարագաներ ենք ստացել, որոնք մի քանի խնդիրներ են լուծում՝ երեխաների ստեղծագործ մտածողության, մատորիկայի, նաև վերլուծական կարողությունների զարգացման»,-նշել է հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը:
Խաղերը նախատեսված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Դրանք պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից և անվտանգ են:

23-04-2021

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

Երևանի քաղաքապետարանը շինարարական ծավալուն ծրագրեր է իրականացնում համայնքային մանկապարտեզներում։ Հիմնանորոգված մանկապարտեզների պայմաններին ու շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

2021թ. 23 մանկապարտեզ գտնվում է շինարարության մեջ, որից 10-ը կհանձնվեն այս տարի, 13-ը՝ 2022թ:

23 մանկապարտեզից 8-ը կհիմնանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով, իսկ 15-ը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով:

Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգվածները լուսավոր են, գունագեղ ու հարմարավետ խմբասենյակներով, ընդարձակ դահլիճով ու մարզասրահով: Հիմնանորոգման ծրագրով կարգի են բերվում տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Իրականացվում են նաև սեյսմիկ ամրացման ու ջերմամեկուսացման աշխատանքներ:

29-12-2020

2020Թ. ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ 12 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզը բացվել է 1967թվականին. թաղամասում այն առաջինն էր: Շահագործման օրից կրթօջախը չէր հիմնանորոգվել: Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի ծրագրով շենքն ամբողջությամբ նորոգվեց: 
Ընդհանուր առմամբ այս տարի հիմնանորոգվեց մայրաքաղաքի 12 մանկապարտեզ: Աշխատանքների մեծ մասն ավարտված է:
«Նյութատեխնիկական բազայի ապահովումը ցանկացած դեպքում հարմարավետ միջավայր է ստեղծում երեխաների և մանկավարժների համար, որպեսզի ողջ ներուժն ուղղի բովանդակային աշխատանքի կազմակերպմանը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Կարեն Սարգսյանը:
Հիմնանորոգման ծրագրի իրագործման շնորհիվ, ի թիվս այլոց, լուծվեց մանկապարտեզների տանիքներից մշտական կաթոցի խնդիրը. հարթ տանիքների փոխարեն կառուցվեցին թեք ու թիթեղյա տանիքներ: Առաջին անգամ, որպես պարտադիր պահանջ, մանկապարտեզների շենքերը ջերմամեկուսացվեցին: Գազի ու հոսանքի խնայողությունը կզգացվի արդեն առաջին ամսից:
Բոլոր մանկապարտեզներում տեղադրված են հակահրդեհային և անվտանգության հատուկ համակարգեր: Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզների տարածքն ընդլայնվեց, փակ դռներն էլ բացվեցին, ինչը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով երեխաներ հաճախեն:
2020թ. մեկնարկեց նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը: Հիմնանորոգվող 15 մանկապարտեզից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մի շարք նախակրթարաններում էլ էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ կարվեն:

25-09-2020

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրել է հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը՝ այդպիսով իսկ ազդարարելով ծրագրի մեկնարկը: Մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության, սեյսմակայունության և սանիտարական չափորոշիչների բարելավում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ 7 միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից՝ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250, 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250, 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):