
28-06-2021
ԶԱՐԳԱՑՆՈՂ ՆՈՐ ԽԱՂԵՐ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՅՈՒՆԻՍԵՖ-ԻՑ
Փոքրիկներն աշխարհն ընկալում և ճանաչում են խաղերի միջոցով: Երեխայի ճիշտ զարգացման համար Երևանի համայնքային մանկապարտեզներում խաղերի ընտրությունը հատուկ սկզբունքով է արվում, երբեմն նաև` գործընկեր մասնագիտական կառույցների հետ համագործակցությամբ:
Օրեր առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մայրաքաղաքի 30 մանկապարտեզ ստացան խաղային նոր փաթեթներ:
«Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ունի տարիների պատմություն, և սա առաջին նախաձեռնությունը չէ: Ունեինք հատուկ փաթեթներ՝ զարգացնող խաղեր, որոնք միտված են երեխաների կրթական, սոցիալական, մշակութային, հոգեբանական տարբեր կողմերի զարգացմանը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:
«Բավական հետաքրքիր դիդակտիվ նյութերից մինչև տարբեր պարագաներ ենք ստացել, որոնք մի քանի խնդիրներ են լուծում՝ երեխաների ստեղծագործ մտածողության, մատորիկայի, նաև վերլուծական կարողությունների զարգացման»,-նշել է հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը:
Խաղերը նախատեսված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Դրանք պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից և անվտանգ են:

23-04-2021
ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
Երևանի քաղաքապետարանը շինարարական ծավալուն ծրագրեր է իրականացնում համայնքային մանկապարտեզներում։ Հիմնանորոգված մանկապարտեզների պայմաններին ու շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
2021թ. 23 մանկապարտեզ գտնվում է շինարարության մեջ, որից 10-ը կհանձնվեն այս տարի, 13-ը՝ 2022թ:
23 մանկապարտեզից 8-ը կհիմնանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով, իսկ 15-ը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով:
Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգվածները լուսավոր են, գունագեղ ու հարմարավետ խմբասենյակներով, ընդարձակ դահլիճով ու մարզասրահով: Հիմնանորոգման ծրագրով կարգի են բերվում տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Իրականացվում են նաև սեյսմիկ ամրացման ու ջերմամեկուսացման աշխատանքներ:

29-12-2020
2020Թ. ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ 12 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզը բացվել է 1967թվականին. թաղամասում այն առաջինն էր: Շահագործման օրից կրթօջախը չէր հիմնանորոգվել: Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի ծրագրով շենքն ամբողջությամբ նորոգվեց:
Ընդհանուր առմամբ այս տարի հիմնանորոգվեց մայրաքաղաքի 12 մանկապարտեզ: Աշխատանքների մեծ մասն ավարտված է:
«Նյութատեխնիկական բազայի ապահովումը ցանկացած դեպքում հարմարավետ միջավայր է ստեղծում երեխաների և մանկավարժների համար, որպեսզի ողջ ներուժն ուղղի բովանդակային աշխատանքի կազմակերպմանը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Կարեն Սարգսյանը:
Հիմնանորոգման ծրագրի իրագործման շնորհիվ, ի թիվս այլոց, լուծվեց մանկապարտեզների տանիքներից մշտական կաթոցի խնդիրը. հարթ տանիքների փոխարեն կառուցվեցին թեք ու թիթեղյա տանիքներ: Առաջին անգամ, որպես պարտադիր պահանջ, մանկապարտեզների շենքերը ջերմամեկուսացվեցին: Գազի ու հոսանքի խնայողությունը կզգացվի արդեն առաջին ամսից:
Բոլոր մանկապարտեզներում տեղադրված են հակահրդեհային և անվտանգության հատուկ համակարգեր: Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզների տարածքն ընդլայնվեց, փակ դռներն էլ բացվեցին, ինչը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով երեխաներ հաճախեն:
2020թ. մեկնարկեց նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը: Հիմնանորոգվող 15 մանկապարտեզից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մի շարք նախակրթարաններում էլ էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ կարվեն:

25-09-2020
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրել է հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը՝ այդպիսով իսկ ազդարարելով ծրագրի մեկնարկը: Մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության, սեյսմակայունության և սանիտարական չափորոշիչների բարելավում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ 7 միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից՝ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250, 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250, 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):

29-04-2019
«ԱՐԵՎԱՄԱՆՈՒԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆ ԻՐ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑԵԼ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՑԻ 132 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋ
Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխաների առաջ իր դռներն է բացել նոր մանկապարտեզը: «Արևամանուկ»-ը կառուցվել է բացառապես համայնքային միջոցներով:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, որ նախակրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:
«Քաղաքի կառավարումն ստանձնելու օրվանից ի վեր մենք փորձում ենք բարելավել նախակրթական հաստատությունների պայմանները, ավարտին են հասցվում նախկինում սկսված վերանորոգման աշխատանքները, նորերը սպասում են իրենց հերթին: Մենք արդեն մաս առ մաս ազատում ենք մանկապարտեզների տարածքները տարիներ շարունակ այնտեղ հաստատված, երբեմն անհասկանալի կազմակերպություններից՝ տեղ բացելով մեր երեխաների համար: Դրա շնորհիվ արդեն այս տարի 1000 երեխա ավելի կհաճախի մանկապարտեզ: Մենք նաև հստակեցրել ենք մանկապարտեզի հերթագրման կարգը և ներդրել ենք հերթագրման առցանց համակարգ, որը գործնականում բացառում է ծանոթ-բարեկամով կամ այլ զարտուղի միջոցներով երեխային մանկապարտեզում «տեղավորելու» հնարավորությունը: Մենք նաև շուրջ 20 տոկոսով ավելացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են՝ նախակրթության ոլորտում մեր ուզած արդյունքներին հասնելու համար, բայց ես վստահ եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհավորելով Նուբարաշենի բնակիչներին մանկապարտեզի բացման առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կառույցի շինարարությանը մասնակցած անձանց՝ որոշումը կայացնողներին, նախագծողներին, շինարարներին, մանկավարժներին ու անձնակազմին:
«Արևամանուկ»-ը թվով երկրորդ մանկապարտեզն է վարչական շրջանում: Ծնողների խոսքով՝ նախաձեռնությունն անչափ սպասված էր և հրատապ՝ իրագործման տեսակետից:
Մանկապարտեզում կգործի չորս խումբ: